Garnik Isahakyan
Quick Facts
Biography
Գառնիկ Դրաստամատի Իսահակյան (1908, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1983), հայ մանկավարժ, լրագրող, տնտեսագետ։ Փոխգնդապետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
Գառնիկ Իսահակյանը ծնվել է 1908 թվականին Թբիլիսի քաղաքում։ Ավարտել է տեղի 76-րդ հայկական դպրոցը, 1926 թվականին ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո ընդունվել է Թբիլիսիի Անդրկովկասի պետպլանին կից ասպիրանտուրան, երեք տարի անց՝ 1933 թվականին անցել է կուսակցական աշխատանքի ՀԿԿ Կենտկոմում, միևնույն ժամանակ դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ 1939-1941 թվականներին եղել է պետպլանի բաժնի վարիչ։
Պատերազմի առաջին օրվանից կամավոր մեկնել է ճակատ, ծառայել 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 675-րդ գնդում, որպես կուսկազմակերպության քարտուղար, մարտնչել է թշնամու դեմ Հյուսիսային Կովկասի քաղաքների և գյուղերի ազատագրման համար։ 1943 թվականի մարտին Իսահակյանը նշանակվել է 409-րդ դիվիզիայի հայերեն նոր լույս տեսնող «Խորհրդային ռազմիկ» թերթի խմբագիր, որը եղել է Հարավ-արևմտյան, ապա 2-րդ ուկրաինական ռազմաճակատի օրգանը։ 1944 թվականին Թամանում և Ղրիմում Սևծովյան բանակի մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է մի շարք շքանշաններով, մարտական մեդալներով և գլխավոր հրամանատարության շնորհակալագրերով։
Պատերազմի ավարտից հետո փոխգնդապետ Իսահակյանը դասավանդել է ռազմագիտություն։ Աշխատանքին զուգահեռ 1952 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։
1955 թվականին Իսահակյանը զորացրվել է բանակից և նշանակվել «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1955-1960 թվականներին աշխատել է Հայկական ԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում, իսկ մահից առաջ դասախոսել է Երևանի պետական համալսարանում։
Գառնիկ Իսահակյանը մահացել է 1983 թվականին։
Պարգևներ
- Կարմիր աստղի շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան
Երկեր
- Սովետական Հայաստանը հետպատերազմյան հնգամյակում։ Դասախոսական սղագրություն։ Քաղաքական և գիտական գիտելիքների ընկերություն Հայկական ԽՍՀ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակություն, 1950։
- Սովետական Հայաստան։ Համառոտ պատմա-տնտեսական ակնարկ։ Երևան, Հայպետհրատ, 1958 (համահեղինակ)։
- Արդյունաբերության հիմնական ֆոնդերը և նրանց օգտագործման բարելավումը։ Երևան, Հայաստան, 1966։
- Աշխատանքի արտադրողականությունը և նրա բարձրացման ուղիները։ Երևան, Հայաստան, 1967 (համահեղինակ)։
- Խիզախ բազեն։ Երևան, Հայաստան, 1989 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
- ↑ Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
- ↑ Իսահակյան Գառնիկ Դրաստամատի (1950)։ Սովետական Հայաստանը հետպատերազմյան հնգամյակում։ Դասախոս. սղագր։ Քաղաքական և գիտական գիտելիքների ընկերություն Հայկական ՍՍՌ։ Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ
- ↑ Իսահակյան Գառնիկ Դրաստամատի (1958)։Ղուկասյան Գ, ed.։ Սովետական Հայաստան։ Համառոտ պատմա-տնտեսական ակնարկ։ Երևան: Հայպետհրատ
- ↑ Իսահակյան Գառնիկ Դրաստամատի (1966)։ Արդյունաբերության հիմնական ֆոնդերը և նրանց օգտագործման բարելավումը։ Տնտեսագիտական գրադարան։ Երևան: Հայաստան
- ↑ Իսահակյան Գառնիկ Դրաստամատի (1967)։Համբարձումյան Հ Հ, ed.։ Աշխատանքի արտադրողականությունը և նրա բարձրացման ուղիները։ Երևան: Հայաստան
- ↑ Իսահակյան Գառնիկ Դրաստամատի (1989)։ Խիզախ բազեն (հայերեն)։ Հայաստան։ ISBN 978-5-540-00152-6 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)