Garegin Zarbhanalean
Quick Facts
Biography
Գարեգին Զարբհանալյան (Զարբհանալյան, 1827, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1901), հայ բանասեր, մատենագետ, գրականագետ, պատմաբան, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ 1848 թվականի հունվարի 17-ից։
Կենսագրություն
Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից տեղափոխվել է Վենետիկի Մխիթարյանների Սուրբ Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը, հմտացել անտիկ լեզուների մեջ, խորապես ուսումնասիրել հայ հին գրականությունը։ Եղել է ուսուցիչ վանքի դպրոցում, միաժամանակ պատրաստել ուսումնական մի շարք ձեռնարկներ։ 1850-ականների սկզբներից «Բազմավեպում» հրատարակել է պատմա-բանասիրական հոդվածներ։ 1856 թվականին Վենետիկում լույս է տեսել նրա «Պատմություն մատենագրության հունաց, հռոմայեցվոց» գիրքը, որը հանդիսացել է դասագիրք հայկական դպրոցների համար։ 1865 թվականին հրատարակել է «Պատմություն հայկական հին դպրությանց» գիրքը, որի Բ տպագրությունը, բարեփոխված և ճոխացած, լույս է տեսել 1886 թվականին, Գ տպագրությունը՝ 1897 թվականին։ Մի քանի տպագրության է արժանացել նաև նույն աշխատության Բ հատորը («Նոր մատենագրություն»)։ Նրա գրչին է պատկանում նաև «Պատմություն մատենագրության միջին և նոր դարուց յարևմուտս» երկհատոր ձեռնարկը, որը լույս է տեսել 1874 թվականին։ Ուշագրավ աշխատություններից պետք է համարել «Հայկական մատենագիտությունը», որը լույս է տեսել 1883 թվականին և հանդիսանում է այբբենական ցուցակ՝ տպագրության գյուտից մինչև 1880-ականները հրատարակած հայերեն գրքերի։ Գրեթե նույնպիսի բնույթ ունի «Մատենադարան հայկական թարգմանությանց նախնյաց» աշխատությունը, որտեղ ժամանակագրական կարգով տրվում են 4-13-րդ դարերում օտար լեզուներից կատարված թարգմանությունները։ Դարձյալ նույնպիսի աշխատություն է «Պատմություն հայկական տպագրության» գիրքը (1895), որտեղ խոսվում է հայկական տպարանների մասին, սկզբից մինչև նոր ժամանակները (Իտալիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Ռուսաստան, Պարսկաստան, Թուրքիա և այլն)։ Կատարել է նաև թարգմանություններ։
Աշխատություններ
- Հ. Գարեգին Զարպհանալեան, Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց (դար Դ-ԺԳ), Վենետիկ-Սբ. Ղազար, 1889։
- Հ. Գարեգին Զարպհանալեան, Պատմութիւն հայկական տպագրութեան սկզբնաւորութենէն մինչ առ մեզ, Վենետիկ-Սբ. Ղազար, 1895։
- Հ. Գարեգին Զարպհանալեան, Ուսումնասիրութիւնք հայ լեզուի եւ մատենագրութեան յԱրեւմուտս (ԺԴ-ԺԹ դար), Վենետիկ-Սբ. Ղազար, 1895։
- Հ. Գարեգին Զարպհանալեան, Հայկական հին դպրութեան պատմութիւն (Դ-ԺԳ դար), Բարձրագոյն դպրոցաց համար, Վենետիկ-Սբ. Ղազար, 1897։