Elizaveta Krasnushkina
Quick Facts
Biography
Ելիզավետա Զախարևնա Կրասնուշկինա (ռուս.՝ Елизаве́та Заха́рьевна Красну́шкина, 1856, Տագանրոգ, Ռուսական կայսրություն - 1912, Իտալիա), ռուս նկարիչ, փորագրանկարի վարպետ:
Կենսագրություն
Ելիզավետա Կրասնուշկինան ծնվել է 1858 թվականին Տագանրոգում, ժառանգական Տագանրոգի պատվավոր քաղաքացի, գնդապետ Զախարիա Եգորևիչ Կրասնուշինկայի (1816-1892) ընտանիքում (թոշակի անցած գեներալ-մայոր): Տունը, որտեղ ապրել է Կրասնուշկինան, պահպանվել է առ այսօր:
Գեղարվեստական կրթություն ստացել է Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիայում, ուր ընդունվել է 1876 թվականին: Վիկտոր Բոբրովի և Լև Դմիտրիև-Կովկասցու ղեկավարությամբ զբաղվել է փորագրանկարչությամբ և օֆորտով: Փորագրանկարների իր ալբոմը նվիրել է կայսր Ալեքսանդր III-ին, ինչի համար ստացել է բարձր պարգև: Նրա մեկ այլ ալբոմ գնել է Էրմիտաժը:
Կրասնուշկինայի ճակատամարտային նկարչության ուսուցիչն է եղել Բոգդան Վիլլեվալդեն: Կրասնուշկինայի ստեղծագործությունները ցուցադրվել են Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիայում և Պետերբուրգի նկարիչների միությունում: 1882 թվականից զբաղվել է օֆորտային (eau-forte) փորագրությամբ: 1904 թվականին Մոսկվայում ներկայացվել են Կրասնուշկինայի երեք նկարները` «Գուդոշնիկը Պոմպոյում», «Կազակների զորախաղեր» և «Հետախուզման մեջ» (իտալական ժողովրդական կյանքից):
1893 թվականից Ելիզավետա Կրասնուշկինան ապրել է Հռոմում, որտեղ ունեցել է իր արվեստանոցը (այլ տվյալներով Հռոմում ապրել է 1897 թվականից): Պարբերաբար մասնակցել է Հռոմում կազմակերպված ցուցահանդեսներին: Ցուցահանդեսներից մեկում ներկայացվել է նաև նրա աշխատանքներից մեկը, որն արժանացել է թագավորական զույգի ուշադրությանը. դա «Կազակներ» փորագրանկարն է: Փորագրանկարը ձեռք է բերել Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուիլ II-ը:
Ելիզավետա Կրասնուշկինայի ստեղծագործությունները գտնվում են Էրմիտաժում, Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում, Մոսկվայի Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում:
Պարգևներ
Պարգևատրվել է չորս արծաթե մեդալներով` ձիերի մեծ և փոքր Էսքիզների համար, որոնք գտնվել են ակադեմիական ցուցահանդեսում 1881 թվականին և երկու փոքր մեդալով էսքիզի և նկարչության համար: