Eliz Petrosyan
Quick Facts
Biography
Էլիզ Սողոմոնի Պետրոսյան (1909, նոյեմբերի 13 - ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից: ԽՄԿԿ անդամ 1940 թվականից:
Կենսագրություն
Էլիզ Պետրոսյանը ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 13-ին, Թուրքիայի Բալըքքեսիր քաղաքում: Ծնողներն ու քույրերը զոհ են գնացել 1915 թվականի Մեծ եղեռնին: Ապրել է Կոստանդնուպոլսի որբանոցում: 1917-1925 թվականներին սովորել է Կ. Պոլսի Դպրոցասեր տիկնանց վարժարանում: 1925 թվականին սովորելու նպատակով եկել է Խորհրդային Հայաստան: 1930 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը: Ապա աշխատել է նույն համալսարանում իբրև գրականության կաբինետի լաբորանտ: 1931-1934 թվականներին սովորել է ասպիրանտուրայում (Մոսկվա): 1934 թվականին «Կլարտե խումբը և կոմունիստ գրողներ Ա. Բարբյուսի, Պո Վայան Կուտյուրիեյի, Ռ. Լըֆևրի ստեղծագործությունները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1934 թվականից արտասահմանյան գրականություն է դասախոսել Երևանի պետական համալսարանում: 1938-1956 թվականներին եղել է համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչը:
Երկեր
- Բայրոնի կյանքն ու ստեղծագործությունը, Երևան, Հայպետհրատ, 1941, 120 էջ:
- Արևմուտքի և Ամերիկայի առաջավոր գրողները ֆաշիզմի դեմ, Երևան, Պետական համալսարանի հրատարակչություն, 1943:
- Ժամանակակից բուրժուական գրականության ճգնաժամը, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1953, 72 էջ:
Ծանոթագրություններ
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 369-370:
- ↑ «Բայրոնի կյանքը և ստեղծագործությունը / Է. Պետրոսյան: Երևանի պետական համալսարանի հրատարակչություն»
- ↑ Պետրոսյան Էլիզ Սողոմոնի (1943)։ Արևմուտքի և Ամերիկայի առաջավոր գրողները ֆաշիզմի դեմ։ Վ.Մ. Մոլոտովի անվան Երևանի պետական համալսարան։ Երևան: Պետ. համալս. հրատ
- ↑ «Ժամանակակից բուրժուական գրականության ճգնաժամը»։ publishing.ysu.am։ Վերցված է 2019-02-09