Cherkez Davtyan
Quick Facts
Biography
Չերքեզ Նիկոլայի Դավթյան (1921, Դահրավ, Խոջալուի շրջան), հայ մանկավարժ, ԽՄԿԿ անդամ (1943), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։
Կենսագրություն
Չերքեզ Դավթյանը ծնվել է 1921 թվականին, Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի շրջանի Դահրավ գյուղում։ 1940 թվականին ավարտել է Շուշիի մանկավարժական տեխնիկումը և անցել մանկավարժական աշխատանքի։
1941 թվականի ապրիլին զորակոչվել է բանակ և գործուղվել ռազմաքաղաքական ուսումնարան։ Ուսումնարանը չավարտած՝ սկսվել է պատերազմը։ Դավթյանի մարտական ուղին հարուստ է և հերոսական՝ Ստալինգրադ, Դնեպրի անցում, 1-ին և 4-րդ ուկրաինական ռազմաճակատներ, Բեռլին, Պրագա։
Մարտական ծառայությունների համար 1943 թվականին նա ընդունվել է ԽՄԿԿ շարքերը, ստացել է լեյտենանտի կոչում, արժանացել կառավարական պարգևների, այդ թվում՝ Կարմիր աստղի շքանշանի, «Մարտական ծառայությունների համար», «Ստալինգրադի պաշտպանության համար», «Բեռլինի գրավման համար», «Պրագայի ազատագրման համար» և այլ մեդալների։
Պատերազմից հետո Դավթյանը իր ծննդավայրում անցել է մանկավարժական աշխատանքի։ 1952 թվականին նա նորից զորակոչվել է բանակ և նշանակվել 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի 1078-րդ հրետգնդում մարտկոցի հրամանատարի քաղգծով տեղակալ։ 1955-1971 թվականներին աշխատել է զինկոմիսարիատում որպես բաժնի պետ։ 1972 թվականիցԴավթյանը միջնակարգ դպրոցում եղել է զինղեկ (սկզբում Երևանի Սպանդարյանի շրջանի № 24 , ապա Շահումյանի շրջանի № 138 դպրոցներում)։
Պարգևներ
- Կարմիր աստղի շքանշան
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալ
- «Բեռլինի գրավման համար» մեդալ
- «Պրագայի ազատագրման համար» մեդալ