Azat Haydeyan
Quick Facts
Biography
Ազատ Արմենակի Հայդեյան (1919, Մեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1957): ԽՄԿԿ անդամ (1944): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
Ազատ Հայդեյանը ծնվել է 1919 թվականին, Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում։ 1938 թվականին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը և մանկավարժական աշխատանքի անցել շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում։
1941 թվականին Ազատը զորակոչվել է կարմիր բանակ, մասնակցել Ղրիմում մղված մարտերին՝ նախ որպես շարքային, ապա՝ վաշտի քաղղեկի տեղակալ 390-րդ հայկական հրաձգային դիվիզիայում։ 1942 թվականին Կերչ քաղաքի պաշտպանության ժամանակ ծանր վիրավորվել է և ուղարկվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո զորացրվել է բանակից։
1943 թվականից մինչև 1957 թվականն աշխատել է Մեծ Պարնիի միջնակարգ դպրոցի տնօրեն, այնուհետև, շուրջ 15 տարի եղել է Սպիտակի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի ժողկրթության բաժնի վարիչ։ 1971 թվականին տեղափոխվել է Երևան և նշանակվել № 1 օժանդակ գիշերօթիկ դպրոցի տնօրեն։ Հետագայում աշխատել է մայրաքաղաքի № 3, ապա՝ № 94 դպրոցների տնօրեն։ 1979 թվականից ավագ տեսուչ է աշխատել ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարությունում։ Աշխատանքին զուգընթաց սովորել և ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1944 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։
Հայդեյանը պատերազմում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի,«Պատվո նշան» շքանշաններով, Խաչատուր Աբովյանի անվան և մի շարք մեդալներով։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1957 թվականի հրամանագրով Հայդեյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում։
Պարգևներ
- ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1957)
- «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- Խաչատուր Աբովյանի անվան մեդալ