Artsruni Galikyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արծրունի Գաբրիելի Գալիկյան (սեպտեմբերի 8, 1912(1912-09-08), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 20, 2004(2004-08-20), Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ։
Կենսագրություն
1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատել է Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում, այնուհետև՝ Հայարդնախագիծ ինստիտուտում։
1942 թվականին 409-րդ հայկական դիվիզիայի կազմում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ 1944-1945 թվականներին գտնվել է ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում, վերադարձել է հայրենիք, բռնադատվել և 10 տարով աքսորվել Լվով, ապա՝ Նորիլսկ։
1949-1957 թվականներին եղել է կալանավայրում շինարարության պետ, 1951 թվականից՝ նախագծային ինստիտուտի հեղինակ-ճարտարապետ, 1957-1999 թվականներին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավոր ճարտարապետ։
Ստեղծագործական աշխատանք
Գալիկյանի նախագծերով և ղեկավարությամբ կառուցվել են Էջմիածնի Մայրավանքի արևելյան և հյուսիսային (աշտարակի ժամացույցով) դարպասները, Արարատյան թեմի վարչական շենքը Երևանում, վերակառուցվել հին և նոր վեհարանները, «Ղազարապատ» շենքը, տպարանը, ճեմարանը (նոր մասի հավելումով), վանականների հանրակացարանը, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին, Խոր վիրապ վանքը, Գեղարդավանքի բնակելի շենքերը, 1986-1987 թվականներին՝ Արտաշատի շրջանի Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի և այլ եկեղեցական շինություններ։
1966-1968 թվականներին միաժամանակ աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում, 1975 թվականին նախագծել է Քանաքեռի տարածքում կառուցված ուռուցքաբանության հիվանդանոցի համալիրը։
Պարգևներ
2002 թվականին արժանացել է Ալեքսանդր Թամանյանի անվան ոսկե մեդալի։