Artem Muradyan
Quick Facts
Biography
Արտեմ Պողոսի Մուրադյան (1901, Մարտունու շրջան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
Արտեմ Մուրադյանը ծնվել է 1901 թվականին, Մարտունու շրջանի Վերին Ադյաման գյուղում։ Մուրադյանը եղել է հանրապետության ժողովրդական կրթության հնագույն աշխատողներից։ Նա մանկավարժական գործունեությունն սկսել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առաջին օրերին՝ 1920 թվականի դեկտեմբերին, նշանակվել է Մարտունու շրջանի Վերին Ադյաման գյուղի նորաբաց դպրոցի վարիչ։ Շուրջ քսան տարի, որպես ուսուցիչ, տնօրեն է աշխատել Ղափանի, Մեղրու, Վարդենիսի շրջանների, Վրացական ԽՍՀ Սուխում, Բաթում քաղաքների դպրոցներում։
1941 թվականի սեպտեմբերին Մուրադյանը զորակոչվել է բանակ և կարճ շամանակ անց մեկնել ռազմաճակատ։ Կռվել է Հյուսիսային Կովկասում։ Վիրավորվելուց և բուժվելուց հետո նորից վերադարձել է ռազմաճակատ, 370-րդ գնդի կազմում մասնակցել է Ռոստովի մատույցներում մղված մարտերին։ Ռոստովի ազատագրումից հետո նշանակվել է հատուկ գումարտակի հրամանատարի օգնական։ Մուրադյանը մասնակցել է Կիևի ազատագրմանը, այնուհետև ֆաշիստական զավթիչների դեմ կռվել է Լեհաստանում, մասնակցել Վարշավայի ազատագրմանը, իր ստորաբաժանման հետ հասել է Բեռլին։ Պարգևատրվել է մարտական Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով, «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար» մեդալներով։
Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտից հետո, շուրջ երեք ու կես տասնամյան, Մուրադյանը մանկավարժական աշխատանք է կատարել Վարդենիսի շրջանի դպրոցներում։ Չնայած պատկառելի տարիքին, նա աշխատել է եռանդով և իր հարուստ փորձն ու գիտելիքներն է ներդրել սովորողների ուսուցման և կոմունիստական դաստիարակության գործում։
Պարգևներ
- Կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
- «Բեռլինի գրավման համար» մեդալ