Arshak Agapyan
Quick Facts
Biography
Արշակ Սարգսի Ագապյան (մայիսի 8 (20), 1860, Լալի, Ղազախի գավառ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 10, 1905(1905-10-10), Լալի, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ գյուղագիր, մանկավարժ, հրապարակախոս։
Սովորել է Ներսիսյան դպրոցում (1870–75), ավարտել Թիֆլիսի Ալեքսանդրյան ռուսական ուսուցչական ինստ֊ը (1886)։ Դասավանդել է Գետաշենում, Զաքաթալայում, Մոզդոկում, Թիֆլիսում, Երևանում։
Առաջին թղթակցությունը լույս է տեսել 1881-ի մայիսի 30-ին, «Մեղու Հայաստանի»֊ում, իսկ 1888-ից տպագրվել է «Նոր դար»֊ում։ Ագապյանի նախասիրած ժանրն ակնարկատիպ պատմվածքն է։ Նա ստեղծել է հայ գյուղացիության սոցիալական կյանքն ու պայքարը վերարտադրող ճշմարիտ պատկերներ («Մուսինի գանգատը», 1888, «Անարդար պահանջ», 1889, «Գյուղի ճամփեն», 1896)։ Ամենածավալուն գործը «Մարդասպանը» վիպակն է (1896)։ Գ. Ի. Ուսպենսկու նման Ագապյանը մերժել է բուրժուական քաղաքը, նշել հողից կտրված գյուղացու կործանման անխուսափելիությունը («Դավթարից ջնջվածը», 1894)։ Նրա հասարակական իդեալը շահագործումից ազատ, լուսավորված գյուղն է։ Իր հոդվածներում Ագապյանը համակրանք է արտահայտել ռուս վաթսունականների նկատմամբ, արձագանքել մայրենի լեզվի ու գրականության հուզող հարցերին, պայքարել հանուն մանկավարժական առաջավոր սկզբունքների արմատավորման և մատաղ սերնդի ազգային դաստիարակության։ Մահացել է հոկտեմբերի 10-ին, ծննդավայրում։
Երկեր
- Երկերի ժողովածու, Երևան, 1934 թ.։
- Երկեր, Երևան, 1966 թ.։