Aristakès II Athorakal
Quick Facts
Biography
Արիստակես Բ Աթոռակալ (կառավարման տարիներ՝ 1465-1469), Ամենայն Հայոց կաթողիկոս 1465-ից։ Հաջորդել է Գրիգոր Ժ Ջալալբեկյանցին։ Ծննդյան թիվն ու տեղն անհայտ են։ Մահացել է 1469-ին Վաղարշապատում։
Նախընթաց գործունեության մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Եղել է Վասպուրականի հոգևորականներից։ 1455-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի կողմից նշանակվել է աթոռակից կաթողիկոս, որն առաջին դեպքն է Հայոց եկեղեցու պատմության մեջ, երբ գործող կաթողիկոսի կողմից լիազոր փոխանորդի կամ գործակից օգնականի իրավունքներով նշանակվում է աթոռակից կաթողիկոս։ Վերջինս անվանվել է նաև կաթողիկոսակից, աթոռակալ։
1460-ին Աղթամարի Զաքարիա Գ կաթողիկոսը կարա-կոյունլու թուրքմենների տիրակալ Ջհանշահի օժանդակությամբ հափշտակել է Ամենայն Հայոց կաթողիկոսական գահը և զրկել Արիստակես Բ Աթոռակալին իր իրավասություններից, սակայն մեկ տարի անց Զաքարիան վտարվել է Էջմիածնից, իսկ Արիստակես Բ Աթոռակալը շարունակել է իր պարտականությունների կատարումը։
1465-ի նոյեմբերին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս և իրեն աթոռակից նշանակել Սարգիս եպիսկոպոսին (հետագայում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Սարգիս Բ Աջատար)։
Աշխատել է բարելավել Մայր Աթոռի տնտեսության անմխիթար վիճակը։ 1467-ին Խաչատուր եպիսկոպոսին նշանակել է Լեհաստանի հայոց թեմակալ առաջնորդ՝ հղելով կոնդակ լեհահայ համայնքին։
Կաթողիկոսական գահին Արիստակես Բ Աթոռակալին հաջորդել է Սարգիս Բ Աջատարը։
Գրականություն
- Սիմեոն Երևանցի, Ջամբռ, Վաղարշապատ, 1873
- Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Երևան, 1990
- Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001