Aram-Asatur Altunyan
Quick Facts
Biography
Արամ-Ասատուր Թադևոսի Ալթունյան (մարտի 21, 1857(1857-03-21), Սեբաստիա, Թուրքիա - հունվարի 4, 1950(1950-01-04)), հայ վիրաբույժ, պրոֆեսոր (1887): Նյու Յորքի վիրաբույժների միջազգային քոլեջի դոկտոր (1939): Կրել է «Հալեպի բժիշկների հայր» պատվանունը: Իտալական գահի ասպետ (1914): Հալեպի բժիշկների միության պատվո նախագահ (1937):
Կենսագրություն
Արամ-Ասատուր Ալթունյանը ծնվել է 1857 թվականի մարտի 21-ին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում: 1881 թվականին ավարտել է Թուրքիայի Անտեբի եռամյա բժշկական դպրոցը: 1884 թվականին սովորել է Նյու Յորքի Կոլումբիայի քոլեջում: Աշխատել է Հայդելբերգի (Գերմանիա) հայտնի բժշկական կենտրոններում: 6 ամիս աշխատել է Բեռլինի Կոխի մանրէաբանական լաբորատորիայում: 1887 թվականին եկել է Կոստանդնուպոլիս, ստացել Թուրքիայում գործելու արտոնագիր և աշխատել Անտեբի բժշկական դպրոցում: 1888 թվականին եղել է Վիեննայի և Լոնդոնի կլինիկաներում, 1889 թվականին հաստատվել է Հալեպում, որտեղ 1896 թվականին բացել է Մերձավոր Արևելքում առաջին ռենտգենյան կաբինետը և կատարել ընդերադիտական հետազոտություններ: 1911 թվականին հիմնադրել է Ալթունյանի հիվանդանոցը (գործել է մինչև 1962 թվականը): 1927 թվականին բացել է բուժքույրերի դպրոց: Մեծ վաստակ ունի Սիրիայի և հատկապես Հալեպի առողջապահության զարգացման գործում: Անձնական միջոցներով Հալեպում բացել է առաջին հայկական դպրոցը՝ հանրահայտ Հայկական վարժարանը: Կրել է «Հալեպի բժիշկների հայր» պատվանունը: 1937 թվականից եղել է Հալեպի բժիշկների միության պատվո նախագահ:
Մահ
Արամ-Ասատուր Ալթունյանը մահացել է 1950 թվականի հունվարի 4-ին: Թաղված է Հալեպի Հայ ավետարանական Էմանուել եկեղեցու բակում:
Պարգևներ
- Իտալական գահի ասպետ (1914)
- Սիրիական արքունյաց Բ (1931), Ա (1939) աստիճանի շքանշան
- Նյու Յորքի վիրաբույժների միջազգային քոլեջի ոսկե մեդալ (1939):
- Սիրիական արքունյաց Ա աստիճանի շքանշան (1939):
- Սիրիական արքունյաց Գերագույն աստիճանի շքանշան (1950):
Գրականություն
- Ջեբեջյան Ռ., Հալեբի մեծանուն բժշկապետ Ա. Ա. Ալթունեան և եւ իր գործը, Հալեպ, 1969:
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 50-51: