Anushavan Hunanyan
Quick Facts
Biography
Անուշավան Ռուբենի Հունանյան (1920, Վոստոչնայա (Կրասնոդարի երկրամաս), Ուստ-Լաբինսկի շրջան), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1943): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
Անուշավան Հունանյանը ծնվել է 1920 թվականին, Կրասնոդարի երկրամասի Ուստ-Լաբինսկի շրջանի Վոստոչնայա գյուղում։ 1930 թվականին ծնողների հետ տեղափոխվել և բնակությունեն հաստատել Հայաստանի Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում։ 1940 թվականին ավարտել է Վերին Թալինի միջնակարգ դպրոցը և զբաղվել ուսուցչությամբ։ Կարճ ժամանակ անց կանչվել է զինվորական ծառայության։
Հունանյանը մասնակցել է Բոբրույսկի, Գոմելի, Սմոլենսկի, Օրյոլի, Կուրսկի պաշտպանությանը, Ստալինգրադի շրջանում հիտլերյան զորքերի շրջապատմանը և ջախջախմանը, մասնակցել է նաև խորհրդային զորքերի հարձակողական մարտերին Կարելական պարանոցում։ Կռվել է Առաջին ուկրաինական ռազմաճակատում, մասնակցել Քիշնև-Յասիի շրջանում գերմանական զորքերի շրջապատմանը և ջախջախմանը, Ռումինիայի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի, Ավստրիայի ազատագրմանը։
Մարտերում աչքի ընկնելու համար պարգևատրվել է մի շարք մարտական մեդալներով և Գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրերով։ 1943 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։
1945 թվականի դեկտեմբերին զորացրվել է, զբաղվել մանկավարժական գործունեությամբ, Թալինի շրջանի դպրոցներում դասավանդել ֆիզիկա և մաթեմատիկա։ 1954 թվականին ավարտել է հեռակա մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Հունանյանը եղել է ժողկրթբաժնի դպրոցական տեսուչ։ 1974- 1984 թվականներին եղել է Թալինի շրջկոմի նախագահը։
Պարգևներ
- ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ