Aleksandr Vermishev
Quick Facts
Biography
Ալեքսանդր Ալեքսանդրի Վերմիշև (1879 թվականի սեպտեմբերի 10 Պետերբուրգ, 1919 թվականի օգոստոսի 31 , Ելեց), հայազգի հեղափոխական գործիչ, դրամատուրգ, բանաստեղծ, հրապարակախոս։
Կյանքը և գործունեությունը
Կոմկուսի անդամ 1903 թվականից։ 1882 թվականին Վերմիշևները տեղափոխվել էին Հայաստան, որտեղ ընտանիքի հայրը նշանակվել էր անտառապետ։ 1902—1907 թվականներին Վերմիշևը ընդհատումներով սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 1910 թվականին էքստեռնով ավարտել է Ցուրեի (Տարտու) համալսարանը։ Իմացել է հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, վրացերեն ֆիններեն։ Նրա վրա մեծ ազդեցություն են գործել հոր հեղափոխական-նարոդնիկական հայացքները։ Պետերբուրգում մասնակցել է 1905—1907 թվականների հեղափոխությանը, որին ձոնել է «Ճշմարտության ճանապարհին» պիեսը։ 1906 թվականին Տերիոկիում (այժմ՝ Զելենոգորսկ)՝ ՌԽԴԲԿ Կենտկոմի կազմակերպած կուսակցական ժողովում, առաջին անգամ հանդիպել է Վլադիմիր Իլյիչ Լենինին։ Նրան է նվիրել իր «Պատանի Ռուսիա» պիեսը։ Աշխատակցել է «Պրավդա»-ին և «Պրոս վեշչենիե» («Просвещение») ամսագրին։ Կուսակցական աշխատանք է կատարել Պետերբուրգում, Ցարիցինում, Բաքվում, Սարատովում։ Հեղափոխական գործունեության համար բանտարկվել է, աքսորվել, ենթարկվել հալածանքի։ Բարեկամական սերտ կապերի մեջ է եղել Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մասնիկյանի, Ս․ Լուկաշինի, Լ․Կարախանի, Կամոյի, Վահան Տերյանի , Վ․ Բրյուսովի և այլ նշանավոր հեղափոխական ու գրական գործիչների հետ։ Հանդես է եկել Մաքսիմ Գորկու ստեղծագործության թյուր մեկնության դեմ։ Գրել է «Համբավաբերներ», «Մոլի սեր», «Կարմիր ճշմարտություն» պիեսները (վերջինս Վլադիմիր Իլյիչ Լենինի հանձնարարությամբ գրախոսել է Մաքսիմ Գորկին, քանիցս բեմադրվել է)։ Մասնակցել է Սովետների համառուսաստանյան առաջին համագումարին։ Հոկտեմբերյան հեղափոխության օրերին եղել է Ձմեռային պալատը գրոհողների շարքերում, քաղաքացիական կռիվների ժամանակ՝ բրիգադի զինկոմիսար (կռվել է գեներալ Ցուդենիչի զորքերի դեմ), այնուհետև հարավային ռազմաճակատում՝ պահեստիրավորվել է, գերվել (Ելեցում) և գազանաբար սպանվել սպիտակգվարդիականների կողմից։ Վերմիշևի պոեզիային բնորոշ է հեղափոխական-մարտական լավատեսությունը, քնարականությունը։ Վերմիշևը գրել է հանրահայտ «Աչեր սևորակ, դուք աչեր այրող․․․» երգի տեքստն ու երաժշտությունը, բանաստեղծություններ՝ նվիրված Ս․ Լուկաշինին, Հայաստանին, հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը։ Վերմիշև անունով կան օվկիանոսային ջերմանավ, միկրոշրջան՝ Լիպեցկ քաղաքում, դպրոցներ, փողոցներ, մշակույթի պալատ՝ Լենինգրադում։ Նրա մասին գրվել են վեպեր, պոեմներ, դրամաներ։ Ելեցում կանգնեցված է արձան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 413)։ |