
Quick Facts
Biography
- Այս հոդվածը գիտնականի մասին է։Այլ գործածությունների համար այցելեք Աբրահամ Աբրահամյան (այլ կիրառումներ)։
Աբրահամ Ալեքսանդրի Աբրահամյան (մարտի 9, 1912(1912-03-09), Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 11, 1988(1988-11-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական, ռադիոէլեկտրոնիկ, ինժեներ-գնդապետ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ։
Հայտնի է որպես ԽՍՀՄ-ում առաջին՝ Երևանի Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների համալիրի նախագծող։
Կենսագրություն
Աբրահամ Աբրահամյանը ծնվել է 1912 թվականի մարտի 9-ին, Կարսում։ 1936 թվականին ավարտել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը։ Երկար տարիներ ապրել է Խարկովում։ 1947-1967 թվականներին Լ. Ա. Գովորովի անվան հրետանային ռադիոտեխնիկական ակադեմիայում (ХНУВС) զբաղվել է ինժեներական, գիտա-մանկավարժական աշխատանքով։ 1964 թվականին պաշտպանել է դոկտորականը։
1967-1969 թվականներին Խարկովի ռադիոէլեկտրոնիկայի ինստիտուտի ռադիոընդունման սարքերի ամբիոնի, 1969 թվականից՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ամբիոնի պրոֆեսոր է եղել։ Զբաղվել է իմպուլսային ռադիոլոկացիոն ազդանշանների ապասինխրոն ընդունման, բարձր և գերբարձր հաճախականությունների ապասինխրոն դետեկտորի տեսությամբ ու հաշվարկով։
Նորարարական գործունեություն
Աբրահամյան Աբրահամյանի գլխավորությամբ նախագծվել և շահագործման է հանձնվել Երևանի Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների համալիրը (ԽՍՀՄ-ում՝ առաջինը)։ Այդ համալիրի գործող մոդելը ցուցադրվել է 1976 թվականին Բուենոս Այրեսում (Արգենտինա) Հայկական ԽՍՀ ազգային ցուցահանդեսի տաղավարում։ Մոդելի լամպերը պատրաստվել են հայկական Արզնիի բյուրեղապակուց։ Շատրվաններն արժանացել են արտասահմանյան մամուլի բարձր գնահատականին։
1978 թվականին Աբրահամյանի թիմը պարգևատրվել է ՀԽՍՀ-ի պետական մրցանակով՝ գիտության և տեխնիկայի բնագավառում։ Աբրահամյանը հետագայում մշակել է Երևանի «Երրորդ մասի» հրապարակի շատրվանների նախագիծը։ Բացի դրանից, մշակել է ձայնագունային երգեհոնի նախագիծը՝ Կամերային երաժշտության տան համար։
«Երգող շատրվանների» բացումից հետո Աբրահամյանի թիմը հայտեր է ստացել՝ ԽՍՀՄ-ի տարբեր հանրապետություններից։ Հայ ինժեներների անմիջական մասնակցության շնորհիվ մի քանի տարվա ընթացքում «երգող» և «պարող» շատրվաններ են բացվել նաև Բաթումիում (Ծովափնյա զբոսայգի), Մոսկվայում, Սոչիում, Խարկովում (Շևչենկոյի անվան քաղաքային զբոսայգում, 1977) և այլուր։
Գիտնականը հետազոտել է տեսողության խանգարման խնդիրները և մշակել է աչքի հարմրվողական մկանների մարմնամարզություն (Երևանի բժշկական ինստիտուտի Աչքի հիվանդությունների ամբիոնում)։ Նա զբաղվել է բևեռացված ջրի (այսպես կոչված «կենդանի ջուր») մարմնի վրա օգտակար ազդեցության ուսումնասիրությամբ։
Երկեր
- Асинхронное детектирование и прием импульсных радиосигналов, М., 1966