Abgar Isahakyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աբգար Իսահակի Իսահակյան (հունիսի 10 (22), 1885, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 14, 1977(1977-02-14) կամ հունվարի 14, 1977(1977-01-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային մանրէաբան, մանկավարժ։ Պրոֆեսոր (1929), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940)։
Կենսագրություն
Սկզբնական կրթությունն ստացել է Թիֆլիսի 2-րդ գիմնազիայում։ 1911 թվականին ավարտել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և աշխատել նույն համալսարանում, ապա՝ Վոզնեսենսկում։ 1914 թվականին վերադարձել է Հայաստան։ Էջմիածնում աշխատանքներ է ձեռնարկել մալարիայի և որովայնային տիֆի դեմ պայքարելու ուղղությամբ, մեծ օգնություն է ցույց տվել Արևմտյան Հայաստանից գաղթած հայ բնակչությանը, մասնակցել որբերի խնամքի ու բուժման գործին։ 1915-1920 թվականներին աշխատել է Պարսկաստանի Խոյ քաղաքում։ 1920 թվականին վերադարձել է Հայաստան, ձեռնամուխ եղել քիմիա-բակտերիալոգիական ինստիտուտի կազմակերպմանը, ուր 1921 թվականին պատրաստվել է ծաղկի առաջին վակցինան։ 1920 թվականին Լ. Հովհաննիսյանի և Իսահակյանի խմբագրությամբ լույս է տեսել «Մալարիա» գիտահասարակական հանդեսը։ Եղել է Երևանի բժշկական, անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտների ամբիոնների, համաճարակագիտության ու հիգիենայի ինստիտուտի մանրէաբանության բաժանմունքի վարիչ։
Գիտական աշխատությունները նվիրված են մալարիայի, որովայնային տիֆի, խոլերայի, ծաղկի, բրուցելոզի ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերին։