Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Biography
Ռուբեն Մուշեղի Հլղաթյան (1915, Մուշի գավառ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
Ռուբեն Հլղաթյանը ծնվել է 1915 թվականին, Մշո գավառի Յոթնջուր գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ 1915 թվականին թուրքական կոտորածից փրկվելու համար նրա ծնողները Արևմտյան Հայաստանից գաղթել են Լենինական։ 1936 թվականին ավարտելով Լենինականի մանկավարժական տեխնիկումը, ուսուցչական աշխատանքի է նշանակվել Ամասիայի շրջանում։ Մինչև 1942 թվականը Ռուբեն Հլղաթյանն աշխատել է Գետաշեն, Բանդիվան գյուղերում, եղել է դպրոցի տնօրեն։
1942 թվականին Ռուբենը զորակոչվել է կարմիր բանակ և ծառայությունն սկսել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում, որի կազմում Կովկասյան նախալեռներից մարտերով հասել է Բեռլին։ Սկզբում եղել է գնդացրորդ, իսկ 1943 թվականին ավարտել է քաղաշխատողների կարճատև դասընթացները, ստացել լեյտենանտի կոչում, նշանակվել է գնդացրային վաշտի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ, այնուհետև՝ հակատանկային դասակի հրամանատար։ 1944 թվականի հունվար-փետրվար ամիսներին 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան համառ մարտեր է մղել Կերչ քաղաքի ուղղությամբ, Գարագոռնի բարձունքի գրավման համար։ Ռուբենի դասակը մասնակցել է նաև Կերչ, Սևաստոպոլ քաղաքների ազատագրմանը։ 1944 թվականի սեպտեմբերին հայկական դիվիզիան փոխադրվել է Լեհաստան, համալրվելուց հետո անցել Վիսլա գետը և շարունակել մարտերը։ Լեհաստանի սահմանագլխին Ռուսկի բրուտ գյուղի շրջակայքում խիզախության համար Հլղաթյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով։ Հետագայում Ռուբենի վաշտը մարտերով հասել է Էլբա գետը։ Հլղաթյանը պարգևատրվել է Կարմիր աստղի երեք շքանշաններով և մի շարք այլ մեդալներով։
1946 թվականին Հլղաթյանը զորացրվել է բանակից և աշխատանքի անցել ՀԿԿ Ախուրյանի շրջկոմում՝ որպես բաժնի վարիչ։ Այնուհետև ավարտել է ՀԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցական դպրոցը և աշխատել տարբեր բնագավառներում, պատմություն է դասավանդել դպրոցում։
1976 թվականին Հլղաթյանը անցել է կենսաթոշակի և ղեկավարել է Հայրենական պատերազմի վետերանների Ախուրյանի շրջանային խորհուրդը։
Պարգևներ
- Կարմիր աստղի շքանշան (եռակի)
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան