Ռոստոմ Հարությունի Երզնկյան (հունվարի 1, 1823(1823-01-01), Հաղպատ, Թիֆլիսի գավառ, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 12, 1893(1893-01-12), Թելավ, Վրաստան), հայ պատմաբան, գրականագետ։
Կենսագրություն
Ռոստոմ Երզնկյանը ծնվել է Հաղպատ գյուղում: Հայտնի է եղել նաև Ռոստոմ Բեկ անունով: 1843-1846 թվականներին եղել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի հայկաբանության և պատմության ուսուցիչ։ 1846 թվականից անցել է զինվորական ծառայության, մասնակցել Դաղստանի լեռնականների դեմ ռազմական գործողություններին։ 1861 թվականին պաշտոնաթող է եղել, հաստատվել Թելավում, աշխատանքի անցել տեղի հայկական դպրոցում։ Թղթակցել է «Կովկաս», «Մեղու Հայաստանի», «Արարատ» պարբերականներին։ Ուսումնասիրել է Սանահինի և Հաղպատի պատմությունն ու ճարտարապետական հուշարձանները, վերծանել Հաղպատի 162 վիմական արձանագրությունները («Տնախօսական աեդագրութիւն Հաղբատայ աշխարհահռչակ վանից Սրբոյ Նշանի», 1886)։ Գրել է հայ-չերքեզական կապերին Արմավիր քաղաքի հիմնադրման պատմությանը նվիրված աշխատություն։ Նրա «Ավարիա» պատմաաշխարհագրական ակնարկը, «Պանդուխտ Դաղստանի» ուղեգրական նոթերը (Դաղստանի մի շարք բնակավայրերի նկարագրությունն ու այնտեղ ծավալված պատերազմական գործողությունների պատմությունը), «Մյուրիդիզմը Դաղստանում» ուսումնասիրությունը (Շամիլի ու նրա գլխավորած շարժման մասին) արժեքավոր երկեր են Դաղստանի պատմության մասին
Երկեր
- Երզնկյան Ռ., Ավարիա:
- Երզնկյան Ռ., Պանդուխտ Դաղստանի:
- Երզնկյան Ռ., Մյուրիդիզմը Դաղստանում:
Տես նաև
- Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Գրականություն
- Գրիգորյան Վ․, Ռոսաոմ բեգ Երզնկյանը և Դաղստանի մասին նրա գրած աշխատությունները, «ԲԵՏ», 1971:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 587)։ |