Հասմիկ Զավենի Տեր-Կարապետյան (հունվարի 23, 1954, Երևան), հայ դերասանուհի։
Կենսագրություն
Հասմիկ Տեր-Կարապետյանը ծնվել է Երևանում, դերասան Զարեհ Տեր-Կարապետյանի և թատերագետ Վարսենիկ Գրիգորյանի ընտանիքում։ Վաղ հասակից նկարահանվել է մանկական տարբեր հաղորդումներում, հեռուստատեսային ներկայացումներում։ 1971-1974 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ 1978-1991 թվականներին եղել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի։ 1986 թվականին Մինինի «Ես մարդ եմ» ներկայացման մեջ ինը տարբեր դերեր կատարելու համար արժանացել է շքանշան-մրցանակի։ Մասնակցել է մի շարք թատերական փառատոնների։ 1991 թվականից թատերական գործունեությունը շարունակել է Ավստրալիայում: Սփյուռքահայ երիտասարդների համար բեմադրել է երեք ներկայացում, այդ թվում Արտաշես Քալանթարյանի «Բումերանգ» պիեսը, պատրաստել է ռադիոհաղորդումների շարքեր՝ նվիրված հայ թատրոնին, դերասանուհիներին ու ժամանակակից պոեզիային։ Հետագայում Երևանում մասնակցել է փառատոնների։ Երկու անգամ մասնակցել է «Արմմոնո» փառատոնին։ 2003 թվականին Մարի Նվարդի 150-ամյակի առթիվ «Վերջին արարը» ներկայացման մեջ մարմնավորել է նրա կերպարը։ 2006 թվականին «Երկյուղած լռություն» ներկայացման մեջ մարմնավորել է դերասանուհի Սիրանույշին: 2007 թվականին ներկայացումը բեմադրվել է նաև Շուշիում ու Ստեփանակերտում: 2002-2007 թվականներին եղել է մանկական թատերախմբերի «Նռան հատիկ» փառատոնի կազմակերպիչներից, «Արփի» մանկական թատերախմբի ղեկավարը։ 2011 թվականից Երևանի Կամերային թատրոնի դերասանուհի է։ 2012 թվականից բեմական խոսք է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Երկեր
- «Նամակ հայրիկիս, հասցեն` դրախտ», 2012