Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Biography
Համլետ Հարությունի Վարդապետյան (ռուս.՝ Гамлет Арутюнович Вартапетян, մայիսի 26, 1927 թվական, Երևան - հունվարի 22, 2013), հայ խորհրդային ֆիզիկոս։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1977), պրոֆեսոր (1972)։ ՍՄԿԿ անդամ 1964 թվականից։
Կենսագրություն
Համլետ Վարդապետյանը 1930-1958 թվականներին բնակվել է Ֆրանսիայում։ 1941-1944 թվականներին Փարիզում, Մ․ Մանուշյանի խմբում, ծնողների հետ մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 1948-1958 թվականներին եղել է Ֆրանսիայի կոմկուսի անդամ։ Ավարտել է Փարիզի ֆիզիկայի և քիմիայի բարձրագույն դպրոցը (1952) և Սորբոնի համալսարանը (1953)։ 1952-1957 թվականներին աշխատել է Փարիզի Ռադիումի ինստիտուտում Պ․ Կյուրիի անվան լաբորատորիայում, 1957-1958 թվականներին՝ Օրսեի (Ֆրանսիա) միջուկային ֆիզիկայի ինստիտուտում։ 1957 թվականին Ֆ․ Ժոչիո-Կյուրիի ղեկավարությամբ պաշտպանել է դոկտորական դիսերտացիա։ 1958 թվականին վերադարձել է Սովետական Հայաստան (այժմ ՀՀ) և աշխատանքի անցել Երևանի ֆիզիկայի ինստիտուտում որպես լաբորատորիայի վարիչ, 1974 թվականից՝ տնօրենի տեղակալ։ 1968 թվականից միաժամանակ դասավանդում է Երևանի պետական համալսարանում, 1969-1974 թվականներին եղել է միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են ցածր ու բարձր էներգիաների միջուկային ֆիզիկային և տարրական մասնիկների ֆիզիկային։ Մշակել է միջուկային ճառագայթումների գրանցման մեթոդներ, ուսումնասիրել արգելված էլեկտրամագնիսական անցումները ուժեղ դեֆորմացված միջուկներում, ինչպես նաև թույլ դեֆորմացված և ծանր միջուկների հատկությունները։ Ապացուցել է միջուկի կառուցվածքի ազդեցությունը գամմա-ճառագայթման ներքին կոնվերսիայի գործակցի մեծության վրա՝ որոշակի դասի արգելված գամմա-անցումների դեպքում։ Հետագոտել է բարձր էներգիայի ֆոտոնների միջուկային հատկությունները մասնիկների ֆոտոծնման պրոցեսներում։ Առաջինն է հաստատել ղ-ռեզոնանսի քվարկային կառուցվածքի մասին եղած տեսական ենթադրությունը։ Նեյտրոնների բաշխման պարամետրերի որոշման աշխատանքներում ապացուցել է նեյտրոնային «մուշտակի» գոյությունը կապարի միջուկներում։ Երևանի արագացուցիչում բարձր էներգիայի քվազիմեներանգ և բևեռացած գամմա-քվանտների փնջով ուսումնասիրել է բևեռացման երևույթները մեզոնների և նուկլոնային ռեզոնանսների ֆոտոծնման պրոցեսներում։ Միաբյուրեղներում բարձր էներգիայի էլեկտրոնների փոխազդեցությունն ուսումնասիրելիս հայտնաբերել է էլեկտրամագնիսական ճառագայթներ։ Հետազոտել է միջուկների ֆոտոճեղքման և ֆոտոբաժանման երեույթները։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ ՀԽՍՀ (այժմ ՀՀ) պետական մրցանակ (1980)։
Եղել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Դուբնա) աշխատանքային մարմիններում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ։
2008 թ. մարտի 13-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Դուբնա) աշխատանքային մարմիններում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի պաշտոնից։
Երկեր
- Contribution а l'etude des probabilites a transition у par la methode des coincidences retardees․ Application a quelques transitions dipolaires electriques et magnetiques, «Annales de Physique», № 3, 1958
- η-meson Photoproduction on Nuclei and Determination of ηN-mteraction Total Cross-section, «Physics Letters», v․ 44 B, №3, 1973 (հեղինակակիցներ՝ Abrahamian L․ O․, Aganiants A․ O․, Adamian F․ V․ և ուրիշներ)։ π0 and π+ Photoproduction with Polarized Photons in the Energy Range 1-2 Gev, նույն տեղում, v․ 48B, N° 5, 1974 (հեղինակակիցներ՝ Abrahamian L․ О․, Avakian R․ О․, Aganiants A․ Օ․ և ուրիշներ)
- Спектры излучения электронов высоких энергий в монокристаллах различной толщины и ориентаций, «Ядерная физика», т․ 35, 1982 (հեղինակակիցներ՝ Аганянц А․ О․, Вартанов Ю․ А․ և ուրիշներ)։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 325)։ |