Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Biography
Գևորգ Նալբանդյան, հայ երաժիշտ, Եթովպիայի կայսրության պետական օրհներգի երաժշտության հեղինակը, ծննդյան թվականն անհայտ - մահ. 1963 թվական, Եթովպիա:
Կյանքի վաղ տարիները
Գևորգ Նալբանդյանը ծնվել է Այնթապ քաղաքում: Նա նախնական կրթություն է ստացել տեղի վարժարանում, իսկ ցեղասպանության տարիներին կորցնելով ծնողներին ու հարազատներին, որբախնամ ընկերությունների շնորհիվ ստանում է երաժշտական կրթություն: Երաժշտության տեսությունն ուսումնասիրել է անձամբ Կոմիտաս վարդապետի մոտ: Աչքի ընկնելով իր բնատուր շնորհով և ճանաչում ձեռք բերելով որպես տաղանդավոր երաժիշտ, Հայ եկեղեցու հրավերով տեղափոխվում է Քիլիս՝ երաժշտություն դասավանդելու: Նա նվագում էր քանոն, ջութակ, փողային գործիքներ, երգում էր և գրում երաժշտություն: Երբ վերսկսվում են վայրագությունները, Գևորգը 1919 թվականին տեղափոխվում է Սիրիա՝ որոշ ժամանակ բնակություն հաստատելով Հալեպում և շարունակելով իր մանկավարժական գործունեությունը:
Կյանքի տարիները Եթովպիայում
1924 թվականին տեղափոխվում է Երուսաղեմ և տեղի Հայոց պատրիարքարանի մանկատան սաներից ստեղծում մի երաժշտական խումբ: Մի քանի ամիս անց, նույն տարում, Երուսաղեմ է այցելում Եթովպիայի գահի խնամակալ Հայլե Սըլլասեն և ներկա լինում Գևորգ Նալբանդյանի ղեկավարած երաժշտախմբի ելույթին: Նա անչափ հիանում է հայ որբերի երաժշտական ունակություններով և տոնախմբությունից հետո խնդրանքով դիմում Երուսաղեմի հայոց պատրիարք Եղիշե Դուրյանին, որպեսզի իրեն հանձնվի երաժշտախումբը: Նա խոստանում է հարազատ հոր պես հոգ տանել նրանց մասին: Եվ ահա, Եթովպիայի գահի խնամակալը, որդեգրելով 40 պատանի երաժիշտներին, նրանց հետ վերադառնում է Ադիս Աբեբա: Իր որբերի հետ Եթովպիայի մայրաքաղաք է մեկնում նաև Գևորգ Նալբանդյանը: Հայլե Սըլլասեի հրամանագրով հայ որբերից կազմավորվում է «Արբա Լըջոչ» կայսերական նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավար է նշանակվում Գևորգ Նալբանդյանը: Նվագախմբի անունը ամհարերենով նշանակում է «Քառասուն մանկունք»: Իր խոստմանը համաձայն, Հայլե Սըլլասեն հոգում է հայ որբերի բոլոր կարիքները՝ նրանց կրթության տալով և ապահովելով բնակարաններով: Հայրենակից որբերի կրթությամբ մեծապես զբաղվում է հենց Գևորգ Նալբանդյանը:
Եթովպիայի պետական օրհներգի երաժշտության հեղինակը
Շուտով Եթովպիայի գահակալ Հայլե Սըլլասեն թագադրվելու էր կայսր, որի առթիվ նա Գևորգ Նալբանդյանին պատվիրում է գրել Եթովպական կայսրության ազգային օրհներգը: Երաժիշտը կատարում է պատվերը՝ ստեղծագործությունն անվանելով «Թեֆերի մարշ, Իթյոպյա հոյ», որ նշանակում է «Երջանիկ եղիր, Եթովպիա»: Հանրության առաջ երգն առաջին անգամ կատարվում է 1930 թվականի նոյեմբերի 2-ին, Հայլե Սըլլասեի կայսր թագադրվելու օրը: Այդ թվականից սկսած Գևորգ Նալբանդյանի ստեղծագործությունը մնում է Եթովպիայի պետական օրհներգը մինչև 1974 թվականը: Դրանից հետո Եթովպիայում մեծ հարգանք վայելող Գևորգ Նալբանդյանը շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը՝ գրելով հիսունից ավելի եթովպական երգեր, որոնց մեծ մասը նվիրված էին կայսրին: Նա նաև հիմնադրում է Ադիս Աբեբայի թատրոնը:
Գևորգ Նալբանդյանի երաժշտական ժառանգությունը մեզ է հասել առաջին հերթին նրա զարմիկ Ներսես Նալբանդյանի միջոցով, որը կարևոր դեր է ունեցել ջազի առանձին տեսակի՝ էթիո-ջազի (եթովպական ջազի) զարգացման գործում: Գևորգ Նալբանդյանը մահացել է 1963 թվականին Եթովպիայում:
Ստացած պարգևներ
Գևորգ Նալբանդյանը պարգևատրվել է ֆրանսիական կառավարության «Ակադեմիայի պսակ» պատվավոր կոչումով:
Աղբյուրներ
- https://auroraprize.com/en/armenia/detail/8884/%D5%A3%D5%A5%D5%BE%D5%B8%D6%80%D5%A3-%D5%B6%D5%A1%D5%AC%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%A9%D5%B8%D5%BE%D5%BA%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%85%D6%80%D5%B0%D5%B6%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A8
- https://armedia.am/arm/news/56725/gevorg-nalbandyan-etovpiayi-orhnergi-hay-hexinaky.html
- http://thearmenite.com/2014/10/company-emperors-story-ethiopian-armenians/
- http://tezeta.tumblr.com/page/2